AM
4 April 2003 - 19:39 AMT

ԲԱՔՎԻ ՀՈՒՅՍԵՐԸ, ԿԱՊՎԱԾ ՀԱԿԱԻՐԱՔՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ` ՉԵՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին հաշվետվությունը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ միայն մասամբ է արտացոլում այդ հարցի շուրջ դրությունն Ադրբեջանում: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, նման կարծիք է արտահայտել Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն: Ըստ նրա` իրականում իրավիճակն ավելի վատթար է քան ներկայացված է հաշվետվությունում: Մասնավորապես, Ջալալօղլուն համաձայն չէ այն պնդումների հետ, որ կաշառակերությունը հաստատված չէ կոնկրետ փաստերով: Բացի այդ, նրա կարծիքով, հաշվետվությունում արտացոլված չեն դատարանների անօրինական գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարումը: Ինչպես իր հերթին նկատել է Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը, «Բաքվի հույսերը, որ Ադրբեջանի հակաիրաքյան դաշինքի մասնակցության հետեւանքում Վաշինգտոնն աչք կփակի երկրում ոստիկանական ռեժիմի եւ ընտրությունների կեղծման դրսեւորումների վրա` չեն արդարանում»: