AM
18 Մարտ 2012 - 13:34 AMT

«Ժառանգություն» կուսակցությունը հաստատել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակը

Այսօր` մարտի 18-ին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացավ կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկեց եւ որոշեց կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպեսեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին եւ համամասնական ցուցակին վերաբերող հարցերը:

Ինչպես հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը, վարչության նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրեցին տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպեսեւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ:

Ապա խորհուրդը քննարկեց վարչության առաջարկը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով կուսակցության մասնակցության ձեւաչափի եւ կազմի վերաբերյալ: Խորհուրդը որոշեց մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Այն նաեւ ձայների մեծամասնությամբ հաստատեց կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը, ապա, հաշվի առնելով «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատեց համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» կուսակցության հմատեղ ցուցակը, որում ներառված են Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Մակրյանը և այլք:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշադյանը, կուսակցությունն առայժմ չի մեկնաբանում, ինչու են ցուցակնորում առաջատար տեղ զբաղեցնում հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, այլ ոչ թե գործող պատգամավորներ: Ըստ նրա, կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա երեքշաբթի: