AM
19 Մարտ 2012 - 10:21 AMT

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի թատերական online մրցանակաբաշխություն

Վաղը` մարտի 20-ին, Երևանի Կամերային թատրոնի «Երկաթ» ակումբում անցկացվելու է Թատերական առաջին online մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նախագահ Ֆրունզե Գևորգյանը մամլո ասուլիսում նշեց, որ մարտի 20-ին լրանում է Tatron.info կայքի մեկ տարին, և այդ կապակցությամբ նրանք որոշեցին կազմակերպել նման միջոցառում, որը կդառնա ավանդական:

Կայքի անձնակազմը ընտրել է 10 անվանակարգերում ներառված մասնակիցներին, ովքեր առավել շատ են աչքի ընկել առհասարակ վիրտուալ տիրույթում, ինչպես նաև Tatron.info-ում:

Հաղթողներին ընտրել են վերը նշված կայքի այցելուները փետրվարի 20-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում:

50 հավակնորդները կպայքարեն «Լավագույն online դերասան», «Լավագույն online դերասանուհի», «Լավագույն online թատրոն», «Լավագույն online ներկայացում», «Լավագույն online թատերագետ», «Լավագույն online թատերագիր», «Լավագույն online ռեժիսոր», «Լավագույն online փառատոն», «Լավագույն online բեմանկարիչ», «Լավագույն online պրոդյուսեր» անվանակարգերում: Վերջին երկու անվանակարգերն ավելացվել են ավելի ուշ՝ հաշվի առնելով կայքի այցելուների և թատերասերների կարծիքները:

Հաղթողները արժանանալու են պատվոգրի և մեկ տարվա PR փաթեթի: