AM
19 Մարտ 2012 - 14:23 AMT

«Հայակ»-ը ոչ բոլորին գոհացրեց

Ազգային կինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց մարտի 18-ին, տարակարծությունների և հիասթափությունների ալիք բարձրացրեց:

Ռեժիսոր Վահան Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս նշեց, որ իր համար առհասարակ անհասկանալի էր, թե ի ՞նչ չափանիշներով են ընտրվել թեկնածուները, և ինչու ՞ են առաջադրվել մեծամասամբ Ազգային կինոկենտրոնի նկարահանած ֆիլմերը: Նրան զարմացրեց նաև, որ մեկ անվանակարգում ներկայացված էր միայն մեկ նկարիչ` 3 տարբեր աշխատանքներով. «Էլ ուրիշ նկարիչ չունե ՞ նք», – ասաց Խաչատրյանը:

Երեկ գիշերվանից ազգային կինոմրցանակաբաշխության թեման ամենաքննարկվողներից էր նաև սոցիալական ցանցերում: Արմնյուզ հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ «ավելի տխմար, անկազմակերպ ու գավառական միջոցառման վաղուց չէի մասնկացել», այնուհետև մեկնաբանում՝ «ոնց կարելի է «Սահման» ֆիլմի ռեժիսորին որևէ մրցանակ տալ, էդ խայտառակ, ինքնաստորացնող ֆիլմի համար»:

Մրցանակաբաշխությունից ավելի վաղ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում մրցանակաբաշխության հավակնորդների ցանկն էլ խայտառակություն էր անվանել: Նրա համոզմամբ՝ «այս ցուցակում են հայտնվել այնպիսի ֆիլմեր, որոնք իրենց գեղարվեստական արժեքով զիջում են անգամ հայկական սերիալներին»: Այս և այլ հիմնավորումներ էլ նա հրաժարվել էր առաջադրվել մրցանակաբաշխության որևէ անվանակարգում: