AM
19 Մարտ 2012 - 18:02 AMT

Երևանում կբացվի ցուցահանդես` նվիրված Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի 80-ամյակին

Մարտի 21-ին Նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա վաստակավոր նկարիչ, Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը` նվիրված արվեստագետի 80-ամյա հոբելյանին: Կներկայացվեն վարպետի 100-ից ավելի գոբելենային և գեղանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մեծանուն արվեստագետ, գեղանկարիչ և խճանկարի հմուտ վարպետ Կարապետ Եղիազարյանի անվան հետ է կապված ժամանակակից հայկական գոբելենի զարգացման սկիզբը: Նա առաջինն էր, ով մեր հանրապետությունում 1960-ականների սկզբներին անդրադարձել է արվեստի այս նոր ժանրին: Նրա ազդեցությունը իրենց վրա զգացել են Հայաստանի բոլոր նկարիչները, ովքեր աշխատում են դեկորատիվ-կիրառական արվեստի այս ոլորտում:

Նա հեղինակ է բազմաթիվ մեծածավալ գոբելենների, ինչպիսիք են Մարզահամերգային համալիրի վարագույրը (360 մ), Շախմատի տան 4 գոբելենները (յուրաքանչյուրը 20 մ), Գյումրիի Մռավյանի անվան թատրոնի նախասրահի 8 գոբելենները (յուրաքանչյուրը 20 մ), վարագույրներ Ուստ – Կամենագորսկ քաղաքում (440 մ), Վոլգոդոնսկ քաղաքի համար (160 մ) և այլն:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն «Առատություն», «Բակային տուրնիր», «Հայ ուխտավորները», «Զինվորի հարսանիք», «Տիեզերական քամելեոն» և այլ հայտնի գոբելեններ, որոնք բերված են Հայաստանի Հանրապետության տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից:

Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, որոնցից առանձնանում են հատկապես «Հակասուպրեմատիզմ» շարքի աշխատանքները:

Կարապետ Եղիազարյանի ստեղծագործական ջանքերի շնորհիվ գեղարվեստական գործվածքի արվեստը տարածում է գտել ոչ միայն Հայաստանում, այլև լայն ճանաչման արժանացել միջազգային գեղարվեստասեր հանրության կողմից: