AM
20 March 2012 - 10:54 AMT

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը բավական ինտենսիվ է ընթանում

Ղարաբաղյան հակամարտության կարրգավորման հիմքում ընկած բանակցային գործընթացը բավական ինտենսիվ է ընթանում: Քննարկվում են կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք պետք է հիմք դառնան ապագա խաղաղության պայմանագրի մշակման համար»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում կայացել են երեք հանդիպումներ, որոնց ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարողացել են պարզաբանել դիրքորոշումներն այն հարցերի շուրջ, որոնք նրանց մոտ տարաձայնություններ են առաջացնում: Դրանք շատ չեն համեմատած նրա հետ, ինչն արդեն համաձայնեցվել է, բայց դրանք առավել բարդ են: Այս տարվա հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռք բերումն արագացնելու մասին՝ հաշվի առնելով մինչև հիմա կատարված աշխատանքը: Այդ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ կողմերը ոչ միայն պատրաստ են շարունակել խաղաղ գործընթացը, այլ նաև մտադիր են ջանքեր գործադրել, որպեսզի այդ գործընթացը դրական արդյունք տա»,- նշել է Պոպովը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, հակամարտության լուծումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: Ինչպես հայտարարել են այդ երեք երկրների առաջնորդներն անցած տարի Դովիլում կայացած հանդիպմանը, ուժի կիրառումն արդեն հանգեցրել է առճակատման և անկայունության ներկա իրավիճակի առաջացմանը: Դրա կրկնությունը կդատապարտվի միջազգային հանրության կողմից»,- ասել է Պոպովը: