Ռուսաստանն ավանդաբար ակտիվ մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ 1994-ի մայիսին ստորագրվել է հրադադարի մասին համաձայնագիր, որը թույլ է տվել ավարտել հակամարտության «թեժ» փուլը: Վերջին տարիներին Ռուսաստանի ղեկավարությունն օգտագործում է Երևանի և Բաքվի հետ իր հարաբերությունները, որպեսզի համանախագահների կողմից համաձայնեցված մոտեցումների շրջանակներում փորձի լուծումներ գտնել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձևաչափում: Պոպովի խոսքով, այդ ճանապարհին կարևոր փուլ է դարձել 2008-ին ընդունված Մոսկովյան հռչակագիրը: «Դա առաջին և առայժմ միակ փաստաթուղթն է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները: 2008-2012թթ. Մեդվեդևն ավելի քան տասը հանդիպումներ է անցկացրել գործընկերների հետ: Բացի քաղաքական կարգավորումից քննարկվել են հարցեր և ընդունվել որոշումներ, որոնք կապված են փոխհարաբերություններում լարվածության նվազեցման հետ, այդ թվում՝ շփման գծում: Վերջին տարիներին ձեռք բերված պայմանավորվածությունների շարքում՝ ռազմագերիների և մահացած զինծառայողների մարմինների փոխանակումը, հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության անցկացումը»,- ասել է դիվանագետը:
«Սակայն ռուսական միջնորդության գլխավոր թեման հիմա մնում է կարգավորման հիմնական սկզբունքների վրա աշխատանքում կողմերին օգնելը: Նախագահների հանդիպումների միջև ընդմիջումների ժամանակ աշխատում են ԱԳՆ ղեկավարները: Նրանց հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ: Հուսով եմ, որ կառուցողական մոտեցման դեպքում այս տարի կողմերին կհաջողվի ավելի առաջ շարժվել, քան նախորդ տարի»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը: