AM
20 Մարտ 2012 - 14:31 AMT

Ֆրանկոֆոնիայի սեզոնին սպասվում են շուրջ 250 միջոցառումներ

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի սեզոնի ընթացքում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում սպասվում են շուրջ 250 միջոցառումներ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարարի ֆրանկաֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Նա հատուկ նշեց, որ անցած տարի միջոցառումների թիվը հասնում էր160-ի: «Ուրախ ենք փաստելու, որ Ֆրանկոֆոնիան խարսխվել է Հայաստանի մշակութային և կրթական կյանքի մեջ»,- նշեց նա: Տեր-Ստեփանյանը հատուկ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի համալսարանների համագործակցության մեջ մտնելու ցանկություն է հայտնել Երևանի պետական մանկավարժական համալսարանը:

Կրթական համագործակցության մասին նշեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով ցանկանում է հիմնել հայ-ֆրանսիական լիցեյ և բանակցություններ է վարում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

Ռենոն նաև նկատեց, որ թեև միջոցառումը կոչվում է Ֆրանկոֆոնիայի միամսյակ, այն շարունակվելու է նաև մայիս ամսին և ավելի ճիշտ կլինի այն անվանել «սեզոն»:

Սեզոնի շրջանակում այսօր Ազգային ժողովի պաշտոնական կայքը հասանելի է դարձել նաև ֆրանսերենով:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեյի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոնապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: