«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, ինչպես երևում է, «շախի գցեց» իր կոալիցիոն գարծընկեր «Օրինաց երկիր» կուսակցությանը, որ որոշեց իր ծնունդը մի քանի ամիս շուտ նշել և «լցնել» համալիրը: «Հայացքը» գրում է, որ ՀՀ-ում գործող «Ֆրանսիական» համալսարանի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային» ակադեմիայի շենքերն այդ օրը անմարդաբնակ էին, դափ-դատարկ: Բոլորս` դեպի մարզահամերգային: 5000 ուսանող, դրան էլ գումարած նրանց ծանոթ-բարեկամները և համալիրի դահլիճն ի՞նչ է, որ ՕԵԿ-ը չլցնի: «Հայացքի» հավաստի տեղեկություններով` մարտի 20-ին Մարզահամերգային համալիրում կազմակերպված կուսակցության ծննդյան տարեդարձին դահլիճը մի կերպ լեցուն տեսք է ստացել հենց վերոհիշյալ բուհերի ուսանողներին այստեղ քշելով:
Ըստ թերթին հասած տվյալների` նախօրոք որոշվել էր խորհրդանշական թվով` 15 հազար ՕԵԿ-ականներ հրավիրել միջոցառմանը: Արթուր Բաղդասարյանն էլ, երևի թե մոռացած լինելով 10 օր առաջ ՕԵԿ-ի համագումարում իր հայտարարությունը կուսակցությանն անդամագրված 150000-ի մասին, ձեռքի հետ մի 10 հազար էլ ավելացրեց: Դե 150 ասողը 160-նն ի՞նչ է, որ չասեր: Ի դեպ, այս 160000 ՕԵԿ-ական բանակը նախորդ խորհրդարանական ընտրություններին «դաբրոյով» հավաքել էր 95 324 ձայն:






