«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը անցկացրած հետազոտության համաձայն, ներկայումս նախընտրական մրցավազքի առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է (ԲՀԿ) է 41 տոկոսով՝ կողմնորոշված ընտրողների թվում:
Երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 37 տոկոսով: Մեծ տարբերությամբ, ՀՀԿ-ին հաջորդում են ՀՅԴ-ն՝ 5 տոկոս, ՀԱԿ՝ 4,8 տոկոս, «Օրինաց երկիրը»՝ 4,5 տոկոս և «Ժառանգությունը»՝ 3,9 տոկոս: Հարցման մասնակիցների ընդհանուր թվից մոտ 17 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Հարցվածների 2,5 տոկոսը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին, մոտ 7 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 9 տոկոսը հայտարարել է, որ կուսակցություններից ոչ մեկին չի ընտրելու: Հարցաշարը կազմված էր 21 հարցից: Ըստ հարցման կազմակերպիչների, հետազոտության արդյունքների ընտրանքային սխալը ±2.4% է:
Հետազոտությունում կիրառվել է բազմաստիճան, պատահական (հավանականային) ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: IPSC և TNS opinion կազմակերպությունները կիրառված մեթոդաբանությունը համարել են լավագույնը:
Իրականացվել է 1,602 դեմ առ դեմ հարցազրույց` 2012 թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 35.0%, մարզերում` 65.0 %:
ՀԵԲ-ը կազմակերպել է այս հարցումը մի շարք պատճառներով: Մասնավորապես հարցման նպատակն է. բարձրացնել ընտրությունների, մարդկանց համար կարևորություն ներկայացնող հիմնահարցերի և քաղաքականության, քաղաքական կուսակցությունների և նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրային տեղեկացվածության մակարդակը, համեմատել այս հարցման արդյունքները ՀԵԲ-ի կողմից 2010թ.-ի հոկտեմբերին իրականացված «մեկնարկային հարցման» արդյունքների հետ, նպաստել ավելի բովանդակալից քաղաքական բանավեճին՝ հիմնված ավելի էական բովանդակության վրա, քան քաղաքական քարոզչությունն ու առասպելներն են, բարձրացնել հասարակության թափանցիկության և Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսական պատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը, միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելով՝ ուժեղացնել ընտրությունները տեխնիկապես ճիշտ անցկացնելուն միտված ջանքերը:






