ԵՄ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը, որին մասնակցելու են Արևելյան գործընկերության երկրների երիտասարդները, այնպես է կազմված, որ միասնական հարթակ դառնա նրա մասնակիցների երկխոսության համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում մարտի 26-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիսթեան:
«Արևելյան գործընկերության 4րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովը» տեղի է ունենալու մարտի 26-28ը, Երևանում: Այն հնարավորություն կտա պատանիներին և երիտասարդ աշխատողներին տեղեկություն հավաքել ֆինանսավորման նոր գործիքի և դրանից օգտվելու կարգի մասին: Եվրոպական հանձնաժողովի և տարածաշրջանի կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպված այս միջոցառումը միավորելու է շուրջ 100 մասնակիցների:
Միջոցառումները կֆինանսավորվեն Արևելյան գործընկերության երիտասարդական ծրագրի միջոցով (բյուջեն`3 մլն. եվրո), որի շրջանակներում 2012 թվականի երկրորդ կեսին նախադրվելու է Արևելյան գործընկերության երիտասարդական մարզային բաժինը և Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով:
Ֆինանսավորուման նպատակն է օժանդակել առավելապես վատ պայմաններում գտնվող, գյուղական և քաղաքի լքված վայրերում բնակվող երիտասարդներին: Այլ նպատակների շարքում են տարածաշրջանում երիտասարդներին նվիրված գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումն ու դրական փորձի փոխանակումը: Նման մոտեցումը հիմնված է Եվրոպական հանձնաժողովի կողմից տարածաշրջանում իրականացված գնահատման վրա:
Անդրադառնալով մասնակիցներին՝ Տրայան Հրիսթեան հայտնել է, որ այս հարցում Բելառուսի մասնակցությունը չի սահմանափակվում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ նրա, երկիրը կտեղեկացվի ծրագրի մասին ԵՄ գրասենյակի միջոցով: Նա ենթադրել է, որ մասնակցության վերաբերյալ պատասխան չի ստացվել Նովրուզի տոների պատճառով:
Իր հերթին, ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշել է, որ, որպես կանոն, երիտասարդությունն ավելի ունակ է հանգուցալուծելու հակամարտությունները:






