AM
28 Մարտ 2012 - 08:32 AMT

Գյուղնախարարությունը չի բացառում, որ ծիրանը կարող է թանկանալ

Գյուղմթերքի գների կանոնակարգման համար գյուղնախարարությունը կարող է միայն կանոնակարգող մեխանիզմներ կիրառել: Այս մասին մարտի 28-ին լրագրողներին է հայտնել գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ըստ նրա, մրգի ու բանջարեղենի մթերման ու արտահանման պահանջարկի մոնիտորինգով, բանակցելով վերամշակող ընկերությունների ու գյուղացիների միջև պայմանագրային հիմունքներով աշխատանքի շուրջ, ինչպես նաև գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման միջոցով նախարարությունը այլընտրանքային հնարավորություններ է ստեղծում գյուղմթերքի իրացման համար:

Ռոբերտ Մակարյանը հիշեցրել է, որ 2011թ. Կասյանի փողոցում կազմակերպվել է գյուղմթերքի 36 տոնավաճառ, որտեղ ներկայացվել է շուրջ 50-60 տեսակի գյուղմթերք, իսկ մեկ տոնավաճառի ընթացքում այն այցելել է 6000-7000 գնորդ: Նախարարությունը մտադիր է նման տոնավաճառներ կազմակերպել նաև այս տարի՝ ավելացնելով դրանց քանակը: Անդրադառնալով ծիրանի ակնկալվող գնին՝ փոխնախարարը չի բացառել, որ ծիրանը կարող է թանկանալ, քանի որ ակնկալվում է ծիրանի արտադրության ու արտահանման ծավալների ավելացում: