AM
29 Մարտ 2012 - 09:20 AMT

«Անելիք Բանկը» ներդրել է բիզնես վարկերի վարկանշավորման հատուկ սքորինգային համակարգ

«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից մշակվել և ներդրվել է վարկերի վարկանշավորման սեփական սքորինգային համակարգը, որը հնարավորություն կտա բանկին առավել արդյունավետ ու կարճ ժամանակահատվածում իրականացնել հնարավոր վարկառուների վարկունակության վերլուծություն:

Համակարգը ստեղծվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների կողմից մոտ մեկ տարվա բուռն քննարկումների և վերլուծությունների արդյունքում: Բանկի մասնագետները համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում համագործակցել են տարբեր միջազգային կառույցների հետ և այն մշակել են գոյություն ունեցող համակարգերի ուսումնասիրման, միջազգային լավագույն փորձի հիման վրա: Աշխատանքների ընթացքում հաշվի են առնվել Բազելյան կոմիտեի պահանջները, միջազգային փորձը և «Անելիք Բանկ» ՓԲԸ վարկային ռիսկերի կառավարման քաղաքականությունը: Բանկում ներդված համակարգը հաշվի է առնում ինչպես քանակական, այնպես էլ որակական ու գրավային ցուցանիշներն իրենց համապատասխան կարևորությամբ:

«Հայաստանյան բանկերից առաջինը ներդնելով բիզնես վարկերի վարկանշավորման սքորինգային նման կարգի համակարգ` մենք վստահ ենք, որ այն ոչ միայն կարագացնի վարկավորման գործընթացը, այլև հնարավորություն կտա սահմանել յուրաքանչյուր վարկառուի գործունեությանը համապատասխան պայմաններ: Համակարգի շնորհիվ Անելիք Բանկի վարկառուներին կշնորհվեն արժանի վարկանիշեր: Մյուս դրական կողմերից մեկն այս համակարգի այն է, որ այն, տարբեր ցուցանիշներ համադրելով իրար, նվազեցնում է վարկային մասնագետի սուբյեկտիվիզմը: Իհարկե, վարկավորման վերջնական որոշումը կայացնում է վարկային մասնագետը, սակայն դրա վրա մեծ ազդեցություն է ունենալու սքորինգային համակարիգի միջոցով ստացված վերջնական գնահատականը»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Ուսումնական Կենտրոնի տնօրեն Մկրտիչ Թադևոսյանը: Ներկայումս շարունակվում են աշխատանքները համակարգի հետագա զարգացման ուղղությամբ:

Սքորինգն իրենից ներկայացնում է վարկարժանության գնահատական, որը ստացվում է վիճակագրական և մոդելավորման տեխնիկաների կիրառման միջոցով` հիմնվելով Բանկի Վարկային ռիսկերի կառավարման քաղաքականության սահմանափակումների, վարկառուների վերաբերյալ հավաքագրված տեղեկությունների և բանկում գործող սովորույթների վրա: