Պետք չէ գերագնահատել նախընտրական գործընթացների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի որ դրանք կարճաժամկետ բնույթ են կրում, մարտի 30-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Սամվել Ավագյանը: Ըստ նրա, այդ գործընթացների ազդեցությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ ուղղակի և անուղղակի ազդեցության:
Առաջին հերթին, որպես կանոն, նախընտրական գործընթացներն անդրադառնում են մանրածախ առևտրի, տպագրության, փոխարժեքի վրա: «Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մանրածախ առևտուրն ապրիլին մարտի համեմատ աճել էր 20 տոկոսով կամ 11 մլրդ դրամով»,-ասել է նա: Այդ միջոցները, հիմնականում ծախսվել են տարբեր նախընտրական սոցիալական ծրագրերի վրա, ինչպես նաև բաժանվել են ընտրակաշառքի տեսքով: Իսկ աճը տպագրության ոլորտում 2007թ. մարտին կրկնակի է եղել:
Անդրադառնալով նախընտրական գործընթացների անմիջական ազդեցությանը երկրի տնտեսության վրա, Սամվել Ավագյանը նշեց, որ այդ շրջանում արձանագրվում է ներդրումային ակտիվության նվազում, քանի որ «ընտրությունների բոլոր մասնակիցների պոպուլիստական հայտարարությունները բացասաբար են անդրադառնում կառավարության ծրագրերի վրա»:
Գնահատելով այդ շրջանի ծախսերը՝ նա ենթադրել է, որ դրանք ընդհանուր առմամբ, ներառյալ կառավարության ծախսերը, կարող են կազմել 70-80 մլն դոլար:
Ինչ վերաբերում է ազգային արժույթին՝ դրամին, ապա, ըստ փորձագետի, դրամը կարող է կայունանալ ԱՄՆ դոլարի համեմատ՝ լրացուցիչ դոլարային ռեսուրսների մուտքի պատճառով:






