AM
30 Մարտ 2012 - 11:09 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ինտերնետ-բանկինգից օգտվում են առևտրային ընկերություններն ու երիտասարդները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ինտերնետ-բանկինգ ծառայության հիմնական օգտագործողներն են հանդիսանում իրավաբանական անձ հանդիսացող ընկերություններն ու կազմակերպությունները, իսկ ֆիզիկական անձանց միջև` 20-ից 35 տարեկան երևանաբնակ երիտասարդները (հիմնականում տղամարդիկ): Այսպիսին են ավելի քան 2 տարի առաջ բանկում ներդրված ծառայության հաճախորդների միջև անցկացված հարցման արդյունքները:

«Ինտերնետ-բանկինգի ո՞ր ծառայություններից եք օգտվում» հարցին հարցվողների մեծամասնությունը պատասխանել է, որ ստուգում է ընթացիկ հաշիվը կամ տալիս է վճարման հանձնարարականներ: Խոսելով իրական գրասենյակի համեմատությամբ ինտերնետ-բանկինգի հիմնական առավելությունների մասին` բոլոր հարցվողները միանշանակորեն նշել են, որ տվյալ ծառայությունը էապես տնտեսում է ժամանակը. դրանից կարելի է օգտվել շուրջօրյա և աշխարհի ցանկացած կետից:

Ներկայիս հարցման արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ինտերնետ-բանկինգ ծառայությունը գնահատվել է 5 բալ` հինգ բալանոց սանդղակով:«Նախորդ տարվա արդյունքներով այն գնահատվել է 4 բալ»,-ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում: Սոցիոլոգիական հարցումն իրականացվում է բանկի կայքի միջոցով յուրաքանչյուր տարի: Հարցման գլխավոր նպատակն է գնահատել ծառայության արդյունավետությունն ու ստեղծել ինտերնետ-բանկինգի պոտենցիալ օգտագործողների բնութագիրը:

«Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահին ինտերնետի միջոցով կառավարել հաշիվը, մարել վարկը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ ու կոմունալ վճարումներ: Այսօրվա դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ տվյալ ծառայությունից օգտվում է շուրջ 350 հաճախորդ: 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ դրանց թիվն ավելացել է 2.5 անգամ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.: Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկում հաջողությամբ ներդրվել են «Բանկ-Կլիենտ» և «Ինտերնետ-բանկինգ» համակարգերը: 2009թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ավարտեց Գազպրոմբանկի «ԳազՔարդՍերվիս» պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիայի գործընթացը, իսկ 2010թ-ից բանկն անցել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: