AM
5 Ապրիլ 2012 - 10:47 AMT

Հայաստանում գազի բարձր գները հարուցում են փորձագետների տարակուսանքը

Հայաստանում գազի բարձր գներն առաջացնում են փորձագետների տարակուսանքը, մասնավորապես, Հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանի և կառավարման փորձագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոպյանի:

Սաֆարյանի կարծիքով, «ոչ մի տրամաբանություն չկա նրանում, որ 1 000 խմ համար 180 դոլարով երկիր ներմուծվող գազը երկրի բնակչությանը տրամադրվում է 360 դոլարով»: Նա կարծում է, որ ներկրվող գազի իրացման ծախսերը չափազանց բարձր են և պետք է կատարել դրանց օպտիմալացման աշխատանքներ:

Իր հերթին, Մեսրոպյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրի երկրում բնական գազը բաշխողի («ՀայՌուսգազարտ» ՓԲԸ) ծախսերի կառուցվածքը, ուշադրություն դարձնելով, մասնավորապես, վարչական ծախսերի վրա, որոնք տարեց տարի աճում են: «Ակնհայտ է, որ այստեղ մեծ ռեզերվ կա նրա համար, որպեսզի գազը բնակչության համար չարժենա 360 դոլար»,- ասել է նա ապրիլի 5-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: