Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը հունական երկու խոշորագույն ընկերություններին: Այս մասին հաղորդում է Իրանի «Պրեսս-Թվ» անգլալեզու հեռուստաալիքը: Ըստ այդ տվյալների, Hellenic Petroleum և Motor Oil Hellas ընկերությունների նավթամատակարարման դադարեցումը տեղի է ունեցել նրանց վճարային պարտականությունները չկատարելու պատճառով:
Ընթացիկ տարվա փետրվարին Իրանը հայտարարել էր բրիտանական և ֆրանսիական ընկերություններին այլևս նավթ չմատակարարելու մասին: Այս քայլն արվեց ի պատասխան ԵՄ կողմից ընդունված որոշման, որի համաձայն հուլիսի 1-ից դադարեցվելու է իրանական նավթի ներկրումը:
Իրանական նավթի արտահանման մոտ 18 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին: Արևմտյան Եվրոպայում իրանական նավթի հիմանական սպառողներն են Իտալիան, Իսպանիան և Հունաստանը: Ընդ որում, վերջինս նավթային ներկրումների քառորդից ավելին կատարում էր ԻԻՀ-ից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






