Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամների կարծիքով, Հայաստանի ամենալուրջ խնդիրը վստահության պակասությունն է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, երեկ հանդես գալով ԵԽԽՎ նստաշրջանում` Հայաստանի հարցերով զեկուցող Իրժի Յասկերնին հայտարարել է Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ վստահության եւ համագործակցության պակասի մասին: «Մինչեւ ընտրությունների մեկնարկը մարդիկ, դիմելով միջազգային դիտորդներին, ասեկոսեներ էին տարածում եւ խեղաթյուրում էին տեղեկատվությունը: Անկասկած, դա ազդել էր արդյունքի վրա եւ ատելության մթնոլորտ էր ստեղծել», – հայտարարել է զեկուցողը: Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Լորդ Ռասել-Ջոնսթոնն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն ունի բաց եւ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություններ: «Ես հույս ունեմ, որ մենք դրա ականատեսը կդառնանք մայիսին»,- ասել է նա: Սակայն, Ռասսել-Ջոնսթոնի խոսքերով` դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կառավարությունում եւ ընդդիմությունում առաջատար դիրքեր գրավող մարդիկ հավատարիմ լինեն ազատ ընտրությունների գաղափարին: