AM
10 Ապրիլ 2012 - 10:14 AMT

Արամ Մանուկյանը ցանկանում է հյուր գնալ «խոհանոցային» ընդդիմությանը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը մտադիր է այցելել իր բոլոր ընտրողների 3000 բնակարաններ, ինչը նա արել է նաև նախորդ ընտրությունների ժամանակ: «Իմ կարգախոսն է հանդիպել «բազմոցային» ու «խոհանոցային» ընդդիմությանը նրանց իսկ տներում: Դա լավագույն միջոցն է»,-ասել է նա ապրիլի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ինչպես ասել է Արամ Մանուկյանը, իր ընտրատարածքում նա բախվել է ընտրական շտաբերի համար տարածքների վարձակալության խնդիրների, քանի որ սեփականատերերն, իմանալով, որ տարածքը նախատեսվում է ՀԱԿ շտաբի համար, ուղղակի հրաժարվում էին տարածք տրամադրել: Ըստ նրա, «հարցն այստեղ ամենևին գինը չէր»:

Ինչ վերաբերում է իր թեկնածությունը «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի օգտին հանելուն, ապա Արամ Մանուկյանն ասել է, որ արդեն 15 տարի է աշխատում է ընտրողների հետ Արաբկիր վարչական տարածքում, շատ կողմնակիցներ ունի ու հաղթանակի լավ հնարավորություն:

Արամ Մանուկյանը հավելել է, որ շատ լավ է վերաբերում իր մրցակիցներին, իսկ հաղթանակը պետք է ՀԱԿ-ին` իրենց ծրագրիը կյանքի կոչելու և երկիրը ծանր ճգնաժամից հանելու համար:

Զարուհի Փոստանջյանից բացի Արամ Մանուկյանի մրցակիցներն են նաև «168» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՀՀԿ-ից:

ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգության» ներկայացուցիչները ապրիլի 4-ին ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու հայտարարություն: Փաստաթուղթը չի ստորագրել ՀՀԿ-ն: