Հայաստանի նախագահական ընտրությունների կապակցությամբ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւի հայտարարությունները քննադատության են ենթարկվել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության անդամների կողմից: ԵԽԽՎ երեկվա նստաշրջանի ընթացքում Ի. Ալիեւը հայտարարել էր, որ «Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում ընտրական հիմնարար չափանիշների լուրջ խախտումները հանդիսանում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերն արհամարհող Հայաստանի քաղաքականության տրամաբանական շարունակությունը»: Այս առումով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնին հայտարարել է. «Վշտացնում է, որ ժողովրդավարական առաջընթացի չհասած երկրները ներկայացնող մարդիկ քննադատում են Հայաստանը»: Իր հերթին, մեկնաբանելով Ի. Ալիեւի արտահայտությունները, Հայաստանում նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լորդ Ռասել-Ջոնսթոնը հայտարարել է. «Ես կուզենայի հիշեցնել մեր ադրբեջանցի գործընկերներին, որ շուտով Ադրբեջանում եւս ընտրություններ են անցկացվելու, առավել եւս, որ վերջին ընտրություններն այդ երկրում բավական խիստ քննադատության առարկա դարձան»: