Մարտի 31-ին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկումը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Եվրոպայի Խորհրդի դիտորդական պատվիրակության ղեկավար Լորդ Ռասել-Ջոնսթոնը նստաշրջանին ներկայացրել է նախկինում պատրաստված զեկույցի լրամշակված տարբերակը, որը ներառել է տեղեկություններ մարտի 5-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին:
«Ընտրությունների օրը քվեարկությունն անցել է հանգիստ եւ կազմակերպված: Ընտրատեղամասերի մեծ մասում (դիտորդների այցելած ընտրատեղամասերի 87 տոկոսը) ընտրական գործընթացը լավ կազմակերպված էր եւ թափանցիկ էր դիտորդների եւ վստահված անձանց համար: Ես վկա եմ եղել ընտրությունների գերազանց կազմակերպմանը իմ այցելած բոլոր տեղամասերում: Ցավոք, պատկերը, որին ականատես են եղել մյուս դիտորդները, այլ էր», – ասվում է զեկույցում: Ռասել-Ջոնսթոնի խոսքերով` դիտորդների ամենամեծ մտահոգության պատճառ են դարձել քվեաթերթիկների լցոնման բազմաթիվ դեպքերը: Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավարը հույս է հայտնել, որ մինչեւ մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները մնացած ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները իրական քայլեր կձեռնարկեն իրավիճակի բարելավման համար: Լորդ Ռասել-Ջոնսթոնը հանդես է եկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԵԽԽՎ-ի կողմից դիտորդների մեծ խումբ ուղեւորելու օգտին: Ավելին, Ռասել-Ջոնսթոնը ԵԽԽՎ-ի Բյուրոյին առաջարկել է քննարկել ընտրություններից մեկ ամիս առաջ Հայաստան հատուկ առաքելություն ուղեւորելու հարցը: