AM
11 Ապրիլ 2012 - 10:08 AMT

«Արմենալի» 100 աշխատակիցներ ղեկավարությունից պահանջում են աշխատանքի արդար պայմաններ

«Արմենալի» 100 աշխատակիցների անունից «Լև Գրուպ» իրավա-տնտեսական միության նախագահ Լևոն Բաղդասարյանը, ապրիլի 11-ին հայտարարել է, որ գործարանի ղեկավարությունը խախտում է Աշխատանքային օրենսգրքի դրույթները: Մասնավորապես, ըստ հայտարարության, առողջության համար վտանգավոր գլանման գործարանում աշխատողները պետք է շուտ թոշակի անցնեն, մինչ օրս օրենսգրքով նախատեսվող գերավճարներ չեն ստացել: Լևոն Բաղդասարյանն ասել է, որ գործարանի աշխատակիցները պահանջում են ստեղծել այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնք հավասար են Ռուսաստանի «Ռուսալ» գործարանին:

Ինչպես հաղորդել է Լևոն Բաղդասարյանը, «Լև Գրուպ» իրավատնտեսական միությունը իր խնամակալության տակ է վերցրել իրեն դիմած գործարանի աշխատակիցներին: Վերջիններս իրենց պահանջներն են հղել նաև Հայաստանի նախագահին, վարչապետին, և այլ բարձրաստճան այրերի: Դատարան հայց է ներկայացվել նաև աշխատակիցներին հասանելի գերավճարների չվճարման գործով:

Լևոն Բաղդասարյանը հաղորդել է նաև, որ իրավատնտեսական միությունը «Արմենալի» ղեկավարությանն առաջարկել է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն որևէ դրական պատասխան չի ստացել: «Այս խնդիրը գլոբալ բնույթ է կրում Հայաստանում և լիազորված մարմինները պետք է լուծեն այն»,-ընդգծել է նա: Նա հավելել է նաև, որ համանման խնդրի բախվել է մի քանի տարի առաջ, երբ միությանն էին դիմել այլ գործարանի աշխատակիցներ: Այն ժամանակ գերավճարների վճարման հարցում հաջողության էին հասել: Իրավապաշտպանը համոզված է, որ այս անգամ ևս խնդիրը կլուծվի հօգուտ աշխատողների:

Այսօրվա դրությամբ բողոքավոր աշխատակիցները շարունակում են աշխատել, գործադուլ չեն հայտարարել: