Հարավային Կովկասում խաղաղության, ազատության եւ բարեկեցության պահպանման համար ԱՄՆ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր շագրգռված կողմերի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Կոնգրեսին հղված ուղերձում` Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման գործողության ժամանակավոր դադարեցման շրջանակներում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու հարցի կապակցությամբ: Հիշեցնենք, որ համաձայն ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված այդ ուղղման, արգելվում է ամերիկյան օգնություն տրամադրել Ադրբեջանին` մինչեւ չվերացվի նրա կողմից Հայաստանի շրջափակումը: Ջորջ Բուշի ուղերձին կից հաշվետվության մեջ ներկայացված է ամերիկյան օգնության շրջանակներում Ադրբեջանում իրականացվող ծրագրերի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների կարգավիճակի մասին մանրամասն տեղեկատվություն: