Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիայում էր: Ավանդույթի համաձայն, դիմելով տեղի բնակիչներին,նա հորդորել է քվեարկել ՀՀԿ-ի, իսկ մեծամասնականով` ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանի օգտին: «Երկիրը» ուշագրավ է համարում այն, որ որ երբ նախագահը հնչեցրել է Սամվել Ալեքսանյանի անունը, հավաքվածներն ավելի ոգևորությամբ են արձագանքել, քան այն ժամանակ, երբ նախագահը խոսքն ավարտել է:
Արդեն նախագահի ելույթի ավարտին առեղծվածը բացահայտվեց. ներկաները պատմել են, որ իրենք աշխատում են Սամվել Ալեքսանյանին պատկանող հաստատություններում: «Բոլորիս մեկ մարդու նման հավաքեցին, բերեցին, թե ինչու մենք էլ չենք հասկանում»,-բողոքել է ներկաներից մեկը: Մյուսն էլ արձագանքել է. «Լավա էլի, գործից պրծանք, ես երկրորդ սմեն էի, բայց ասել են միտինգից հետո տուն կգնաք»: Ներկաներից մի կին էլ պատմել է, որ իրենց դպրոցում են հրահանգել գալ և մասնակցել հանրահավաքին: Մի տատիկ էլ երանությամբ, բարձրաձայն մտածում էր, որ եթե Սուրբ Զատկին «մի յաչեյկա ձու, մի գինի ու մի կգ բրինձ են տվել, տեսնես մայիսի 6-ի ընտրակաշառքն ի՞նչ կլինի»:






