ՀՀ գլխավոր դատախազի 06.04.2012թ. թիվ 15 հրամանով «ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը» վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության»: Այն հնարավորություն կտա այսօրինակ գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնել:
Կիբերհանցագործությունները համակարգչի օգտագործմամբ, էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում կատարվող և այդ համակարգի, այդ թվում` տեղեկատվության փոխանակման անվտանգության դեմ ուղղված հանցագործություններն են, որտեղ ոտնձգության թիրախ են դառնում տեղեկատվության կրող և պահպանող տեխնոլոգիական համակարգերը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը` մասնագիտական վերապատրաստումների միջոցով դատախազները կմասնագիտանան այս ոլորտում:
«Այժմ ունեն որոշակի պատկերացումներ այդ հարցի շուրջ, քանի որ որոշ նման գործեր եղել են: Կիբերհանցագործության դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար խիստ անհրաժեշտ է ապահովել կիբերհանցագործությունների բացահայտման և գործերի քննության, դրանց նկատմամբ իրականացվող դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության մասնագիտացումն ու կենտրոնացումը, քանի որ այսօրինակ քրեական գործերի քննությունն ունի առանձնահատկություններ, այդ թվում` ինչպես ապացույցների ձեռք բերման եղանակների, այնպես էլ` տեսակների առումով»:
Նա բացատրեց նաև, որ անհրաժեշտ են թվային-էլեկտրոնային ապացույցների հայտնաբերման, ֆիքսման, զննման, առգրավման, պահպանման և փորձաքննությունների անցկացման միանգամայն նոր մոտեցումներ, իմացություններ և հմտություններ:
PanARMENIAN.Net-ի հարցին, թե այդ աշխատանքներում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ ներգրավված լինելու են, նա պատասխանեց, որ ՏՏ մասնագետների ներգրավվածությունն դասախազության աշխատանքներում անհնար է:






