Հայաստան մուտք գործող մասնավոր դրամական փոխանցումների բաժինը տնային տնտեսությունների ընդհանուր եկամուտի մեջ չի փոխվել, ապրիլի 18-ին Երևանում հայտարարել է«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը՝ ներկայացնելով «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը»: «Մենք դեռևս լուրջ կախվածություն ունենք մասնավոր դրամական փոխանցումներից»,-ասել է նա:
Ներկայացնելով համեմատական վերլուծությունը մասնավոր դրամական փոխանցումներ ստացող այլ 20 երկրների հետ, որտեղ այդ ցուցանիշը շատ բարձր է՝ Մանուկ Հերգնյանն ասել է, որ Հայաստանը բավականին ցածր ցուցանիշ ունի, սակայն աճի տեմպերով կախվածությունը դրամական փոխանցումներից աճի միտում ունի: Այդ երկրների թվում են Տաջիկստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Հաիթին, Սալվադորը, Նիկարագուան, Բանգլադեշը, Ֆիլիպինները, Լիբանանը:
Փորձագետը հավելել է նաև, որ բնակչության եկամուտների անհամաչափությունը ՀՀ էկոնոմիկայի խոցելի կողմերից մեկն է:
«Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը» պատրաստել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS/USAID ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի, »Սթար» առևտրային ցանցի, «Ի-Վի-Քոնսալթինք» ընկերության, Գերմանիայի միջազգային համագործակցության (giz) ընկերության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ:
Զեկույցը բաղկացած է երկու մասից՝ երկրի տնտեսության և նրա մրցունակության ընդհանուր գնահատական և մասնավոր ընկերությունների կառավարման փորձը, որը կազմում է այս զեկույցի հիմքը:






