Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերությունների և համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով նաև որպես Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևորագույն բաղադրիչ:
Յուկիա Ամանոն նշեց, որ ՄԱԳԱՏԷ-ն կարևորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում և այն բավականին արդյունավետ որակեց:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին:
Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաև միացել է ԵՄ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Յուկիյա Ամանոն մտքեր փոխանակեցին միջազգային մակարդակով ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:
Նախարար Նալբանդյանը հիշատակեց նաև մարտ ամսին Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատեց ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:






