AM
20 Ապրիլ 2012 - 12:18 AMT

Ընտրություններին ընդառաջ նոր տեղեկատվական կայք է բացվել՝ Irazek.am

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն այսօր ներկայացրեց «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակում մշակված ու ստեղծված Irazek.am նոր տեղեկատվական կայքը: ՀԿ-ի տնօրեն Սուրեն Դեհերյանը նշեց, որ կայքն ինֆորմացիոն հարթակ է, որտեղ շատ մատչելի լեզվով հնարավոր է տեսնել, գտնել ընտրությունների մասին ցանկացած տեղեկատվություն:

Կայքում զետեղված տարբեր բաժիններում մշակված ու մատչելի լեզվով ներկայացված են ՀՀ ընտրություններին վերաբերող օրենքները: Այնտեղ կա «Ի՞նչ անել, եթե» բաժինը, որտեղ քաղաքացիներին ներկայացվում են տարբեր իրավիճակներից հնարավոր ելքերը:

Կայքի համահեղինակներից Ալբերտ Պողոսյանը ներկայացրեց «Դարձիր մասնակից» բաժինը: Գրանցվելով այդ բաժնում քաղաքացիները իրենց էլեկտրոնային փոստով կստանան տեղեկատվություն ընտրություններին վերաբերող տարբեր ֆլեշմոբերի մասին:

Irazek.am -ում գրելով ձեր անուն-ազգանունը կարող եք գտնել այն ընտրատարածքը, որտեղ գրանցված եք, տեսնել այնտեղ առաջադրված թեկնածուներին և ստանալ այլ տեղեկատվություն ձեր ընտրատարածքի վերաբերյալ: Ինչպես նաև «Պատմիր տեսածդ» բաժնում, նշելով ընտրատարածքը ու լրացնելով պահանջվող դաշտերը, կարելի է պատմել կամ նկարագրել ընտրախախտումների ու այլ միջադեպերի մասին, որոնց ինքներդ եք ականատես եղել: Տեղեկատվության հետ կարելի է կցել նաև տեսանյութեր և նկարներ: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: