AM
20 April 2012 - 13:15 AMT

Ditaket.am նոր կայքն ապահովելու է մարզային լրատվության հոսքը դեպի Երևան

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն այսօր ներկայացրեց «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում ստեղծված Ditaket.am կայքը: Այն մարզային լրատվական հարթակ է, որի նպատակը մարզերում նոր մեդիա գործիքների կիրառումն ու այնտեղից լրատվական հոսքերի ավելացումն է:

ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը նշեց, որ կայքի հիմնական նպատակն է ապահովել մարզային լրատվության հոսքը դեպի կենտրոն՝ Երևան. «Կայքը վարում են մարզային 20 լրագրողներ ու քաղաքացիական լրագրողներ, որոնք լուսաբանում են իրենց մարզերում տեղի ունեցող իրադարձությունները: Այժմ կիզակետում 2012-ի խորհրդարանական ընտրություններն են, բայց կայքում նյութեր են պատրաստվում նաև մարզային կյանքի տարբեր ոլորտների մասին»:

ՀԿ-ի նախագահը նշեց, որ հեղինակներն իրենց նյութերը պատրաստելու են համաձայն վերջերս ստորագրած «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգ»-ի, որտեղ նշված է առցանց լուսաբանման էթիկային վերաբերող 10 օրենք: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: