AM
26 Ապրիլ 2012 - 10:44 AMT

Կառավարությունը նվազեցնում է ՓՄՁ ծանրաբեռնվածությունը` արտոնագրային վճարումների գծով

ՀՀ կառավարությունը ապրիլի 26-ին ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով թույլ է տվել տնտեսվարող սուբյեկտներին համապատասխան գործունեություն ծավալելու համար արտոնագրային վճարը 2012 թվականին առաջին անգամ (2012 թվականի երկրորդ եռամսյակի համար) կատարել մինչև հունիսի 1-ը:

Ավելին, ինչպես ՀՀ կառավարության մամլո ծառայության ճեպազրույցի ընթացքում հաղորդել է ֆինանսների նախարարության ՊԵԿ քաղաքականության և ՎՄ վարչության պետ Վախթանգ Միրումյանը, փոքր և միջին բիզնեսի զարգացման խորհրդի նախաձեռնությամբ առաջարկվել է փոփոխություններ մտցնել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի փաթեթում: Այս փոփոխությունները ենթադրում են, նախ և առաջ, փոքր և միջին բիզնեսի կողմից միանվագ վճարումների ժամկետների վերանայում: Ինչպես ասաց նախարարության ներկայացուցիչը, փաստաթղթի ընդունումից հետո, հնարավորություն կստեղծվի դրանք իրականացնել ամեն ամիս` ավելի վաղ նախատեսված եռամսյակային ժամկետների փոխարեն: Հաջորդ կետով նախատեսվում է, որ մարդատար տաքսիները տեխնիկական զննություն պետք է անցնեն ոչ թե տարին երկու անգամ, այլ մեկ, ինչպես նաև մարդատարի մտերիմները հավելյալ արտոնագիր ստանալու կարիք չեն ունենա: Ավելին, գիշերային ժամերին աշխատող ավտոկայանատեղիները միանվագ վճարումների մասին օրենքով սահմանվածից 50 տոկոսով ավելի քիչ կվճարեն:

Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև 20 քմ մակերեսով սննդի գերփոքր օբյեկտների համար միանվագ վճարումները կկրճատվեն 2.5 անգամ և եռամսյակային 250 հազարի փոխարեն այս տնտեսվարող սուբյեկտները կվճարեն 90 հազար դրամ, կամ ամսական 30 հազար:

Միաժամանակ, նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է համապատասխան կառույցներին մշակել մոտեցում` սննդի խոշոր օբյեկտների հարկահավաքությունը ավելացնելու համար, որպեսզի «նրանք փոքր տնտեսվարող սուբյեկտների հետ նույն արտոնյալ պայմաններից չօգտվեն»:

Իր հերթին Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը ընդգծել է, որ Խորհրդի աշխատանքները սկսում են արդյունքներ տալ: «Այս փաթեթը քննարկվել է շատ կարճ ժամանակահատվածում և արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը»,-ընդգծել է նա: