AM
26 April 2012 - 11:04 AMT

Այսօր ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրն է

«Կանայք և տեղեկատվական հասարակություն» ՀԿ նախաձեռնությամբ և էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Ամերիկյան համալսարանում կազմակերպվել է համաժողով՝ նվիրված Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աղջիկների միջազգային օրվան:

«Կանայք և տեղեկատվական հասարակություն» ՀԿ-ի նախագահ Նարինե Աբասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ ձևավորվել է հասարակական կարծիք, թե այս ոլորտը տղաների ոլորտ է, և ոլորտում հաջողություններ կարող են գրանցել միայն նրանք. «Հենց այս պատճառով հաճախ աղջիկները, դպրոցում ուժեղ լինելով մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից, հետագայում չեն ընտրում այս ոլորտի մասնագիտություններ: Ստացվում է, որ մենք մեր երիտասարդության պոտենցիալն այս ոլորտում օգտագործում ենք 50 տոկոսով: Ուստի, օգտագործելով առիթը, մենք նույնպես նշում ենք այս օրը՝ աղջիկների շրջանում հետաքրքրությունը մեծացնելու և հասարակական կարծիքը փոխելու համար»:

Ըստ Նարինե Աբասյանի՝ օգտագործելով աղջիկների պոտենցիալը, մենք կարող ենք զարգացնել տնտեսությունը. «Սա արդեն ոչ թե սոցիալական, այլ տնտեսական խնդիր է»:

Համաժողովին մասնակցում են «Ֆիզմատ» և «Ուսում» հանրակրթական դպրոցների աշակերտներ, հայաստանյան մի շարք բուհերի ուսանողներ: Ելույթներ ունեցան ոլորտի մասնագետներ: Նախատեսվում է նաև ցուցադրել «Պատկերացրու քո աշխարհը 2015-ին» տեսաֆիլմը:

2010 թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը ընդունել է բանաձև՝ նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի 4-րդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» և դրանով ոգեշնչելու զարգացող և զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարիերան: