AM
27 Ապրիլ 2012 - 11:16 AMT

Վարչապետը մասնակցել է «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգորղ խորհրդի նիստը: Նախ կառավարության ղեկավարը ծանոթացել է ինստիտուտի լաբորատորիաների գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ծանոթացել է «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև նախագծի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների ընթացքին:

Վերջին ամիսներին տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների ղեկավարների հետ և ձեռք բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Արդյունքում արդեն իսկ ստացվել են 1,5 մլն եվրոյի սարքավորումներ AREAL գծային արագացուցչի կառուցման նպատակով. ևս մեկ միլիոն եվրոյի սարքավորումներ կստացվեն առաջիկայում: Նիատի ընթացքում նշվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում ծրագրի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել են: Գործարկվումը կիրականացվի հաջորդ տարվա ընթացքում:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին ներառել «Քենդլ» նախագիծը Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Չինաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության օրակարգում:

AREAL գծային արագացուցիչը հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի և արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է և գերակա ուղղություն է աշխարհի առաջատար կենտրոնների համար: Այն կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար: Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթեմֆորդի SLAG կենտրոնների և Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: