AM
28 April 2012 - 08:49 AMT

Վարչապետ. Մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը 21-րդ դարում

Երևանում բացվել է «Նորարարություն, մրցունակություն և տնտեսական աճ» խորագրով համաժողովը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո կազմակերպել է «Մայքրոսոֆթ Հայաստան»-ը՝ համագործակցելով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը համաժողովի բացմանը նշեց. «Ժամանակակից դինամիկ փոփոխվող աշխարհում մրցունակությունը դառնում է կարևոր գործոն: Մրցակցության մեջ են ոլորտները, երկրները, անգամ տարածաշրջանները: Շատ կարևոր է՝ ինչպես մենք կկողմնորոշվենք, ինչպես կորոշենք մեր մրցունակության առավելությունները, ինչպես մենք կհաջողենք համագործակցության այն միջավայրը ստեղծել, որտեղ պետական, մասնավոր, հասարակական-կրթական բոլոր կառույցները կկարողանան արդյունավետ համագործակցել: Դրանով կորոշվի, թե ինչ դիրք կունենա մեր պետությունը մոտ ապագայում»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ ազգային մրցունակությունը մեր երկրի համար շատ կարևոր մարտահրավեր է. «Մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը 21-րդ դարում՝ ինչպիսի տնտեսություն պետք է ունենա, որոնք են լինելու ՀՀ հարաբերական առավելությունները, որպեսզի մրցակցության մեջ գտնենք մեր կայուն տեղը համաշխարհային քարտեզի վրա»:

«Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը տեսաոուղերձով ողջունեց համաժողովը: Համաժողովի բացմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը. «Պետական-մասնավոր հատված համագործակցությունը նոր ձևաչափ է մեզանում: Մասնավոր-պետական համագործակցությունը պետք է դիտվի ոչ թե որպես զուտ պետական աջակցություն, այլ որպես համագործակցություն և համատեղ աշխատանք»:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ «Նորարարության պետական-մասնավոր համագործակցության ձևաչափը և գործիքակազմը», «Հանրային ծառայություններ և էլեկտրոնային հասարակություն», «ՏՀՏ դերը նորարարության և ազգային մրցունակության մեջ», «Նորարարական կրթական համակարգեր»: Նախատեսվում է նաև կիրառական լուծումների ներկայացում: