ՀԱԿ ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կարծում է, որ Ազգային կոնգրեսը մեծամասնական ընտրակարգով առաջադրված ուժեղ թեկնածուներ ունի, որոնք կարող են հաղթանակ տանել: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը:
«Մարզերում աղետալի վիճակ է, անահամաչափ է զարգանում ամեն ինչ: Մարդիկ հիասթափված են, բայց ՀԱԿ-ից ակնկալիքներ ունեն: Եթե մենք ընտրվենք, ապա կշահի հասարակությունը, ԱԺ-ում կլինի սկզբունքային ուժ: Իսկ հակառակ դեպքում` կկորցնի այդ ուժը, ու խորհրդարանում կլինեն կիսագրագետ մարդիկ»,- նշեց Դեմիրճյանը:
Ըստ նրա, ընտրության ժամանակ բոլոր ուժերն էլ մրցակից են, իսկ իշխանությունը կարող է կազմակերպել արդար ընտրություններ, եթե ունենա քաղաքական կամք. «Բայց կեղծիքներ են անում, ու սոցհարցումներն էլ ֆոն են ապահովում: Լավ է, որ դիտորդներ են գալու, սակայն եթե հասարակությունը հանդուրժի կեղծիքը, ապա բան չի փոխվի»:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):






