Արժույթի միջազգային հիմնադրամը ( ԱՄՀ) խորհուրդ է տալիս Հայաստանին բարելավել գործարար մթնոլորտը, ներգրավելու համար ներդրողներին ու նվազեցնելու համար 3,3-միլիոնանոց երկրի կախվածությունը իր առանցքային դաշնակցից՝ Ռուսաստանից:
Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ գոհ է մակրոտնտեսական իրավիճակից Հայաստանում, որտեղ տնտեսական աճը 2001թ. կազմել է 4,6 տոկոս՝ 2010թ. 9,4 տոկոս անկումից հետո, այն դեպքում, երբ ֆինանսական պակասուրդը նվազել է մինչև 3 տոկոս՝ 2009թ. 8 տոկոսի դիմաց:
Ըստ ԱՄՀ կանխատեսման, տնտեսական աճը Հայաստանում 2012թ. կկազմի 3,8 տոկոս, իսկ տարեկան գնաճը կլինի 2,5-5,5% սահմանում: «Մենք շատ գոհ ենք մակրոտնտեսական պատմությունից, լավ ֆիսկալ և մոնետար քաղաքականությունից: Սակայն, այն, ինչ կատարվում է միկրոտնտեսության մեջ, մասնավորապես, գործարար մթնոլորտի բարելավման առումով, զգալի բարելավում է պահանջում»,-ասել է Տոլոսան:
Ըստ նրա, անառողջ գործարար մթնոլորտը երկրում կապված է վարչական ճնշման հետ գործարարների վրա, և հաճախ օրենքի կամայական մեկնաբանությունների հետ:
Նա նշել է, որ կոռուպցիան, փոքր ընկերությունների հանդեպ անարդար վերաբերմունքը և չարդարացված արտոնյալ պայմանների ստեղծումը խոշոր ընկերությունների համար անառողջ գործարար մթնոլորտ են ձևավորում:
Տոլոսան ասել է, որ այս իրավիճակը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողներին:
«Օտարերկրացիների պարագայում պետք է պաշտպանվածությունն ու որոշակիությունն ավելի մեծ լինեն»,-ասել է նա:
Ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը 2011թ. կազմել է 539 մլն դոլար և ԱՄՀ-ն ակնկալում է, որ այդ ցուցանիշը կաճի մինչև 574 մլն դոլար: Հայաստանի հիմնական օտարերկրյա ներդրողը, ինչպես նաև տնտեսության հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանն է:
Դրամական փոխանցումներն արտերկրից, հիմնականում, Ռուսաստանից, կազմում են ՀՆԱ 15 տոկոսը: Ռուսաստանը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր հիմնական ոլորտներում՝ էներգետիկայում, հեռահաղորդակցությունների ոլորտում, մետալուրգիայում, բանկային հատվածում:
«Ռուսաստանը կարևորում է Հայաստանի դերը ռազմավարական տեսակետից: Նրանք ներդրումներ են կատարում տնտեսության բոլոր ոլորտներում: Ռուս ներդրողների համար այստեղի իրավիճակը նման է Ռուսաստանում ստեղծված վիճակին»,-ասել է Տոլոսանա:
Տոլոսան գտնում է, որ նման մեծ կախվածությունը Ռուսաստանից անբարենպաստ է Հայաստանի համար, որի տնտեսությունը զգալի նահանջ գրանցեց 2009թ. հիմնականում ռուսաստանյան գործարար ակտիվության նվազման պատճառով: «Եթե գործարար միջավայրը բարելավվի, դա կնպաստի ներդրումների ներգրավմանը նաև այլ երկրներից ու թույլ կտա Հայաստանին պայքարել ռիսկերի դեմ ու կախված չլինել Ռուսաստանից»,-ասել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչը:






