Մայիսի 8-ին Orange Արմենիան հանդես է եկել նոր` Orange ընտանիք կանխավճարային փաթեթային առաջարկով: Ինչպես հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, շուկայի ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ այս փաթեթը պահանջարկ է վայելում բնակչության շրջանում: «Մարդիկ ակնկալում են, որ ընտանիքի ներսում ծախսերը նվազագույն լինեն»,-ընդգծել է նա Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս առնչությամբ Orange Արմենիայի ղեկավարն ընդգծել է, որ ծառայությունը յուրահատուկ է ոչ միայն իր կառուցվածքով, այլ նաև շահագործման պարզությամբ:
Իր հերթին Orange Արմենիայի մարքեթինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանը հաղորդել է, որ նոր փաթեթը ներառում է 3 SIM քարտեր, ընդ որում բաժանորդները կարող են առանձին-առանձին ընտրել իրենց հարմար սակագնային պլանը: «Բոլոր մասնակիցները կարող են առանց սահմանափակումների շփվել ողջ օրվա ընթացքում` վճարելով միայն սիմվոլիկ 20 դրամ»,-ասել է նա:
Ինչպես ընդգծել է մարքեթինգի բաժնի տնօրենը, Orange ընտանիք փաթեթին բնորոշ է սոցցանցերի տարր, երբ փաթեթի ներսում առաջին զանգ կատարողը դառնում է խմբի ղեկավար և իրավունք ստանում ներգրավելու ևս մեկ անդամի` Orange Արմենիայի ևս մեկ քարտատիրոջ, կամ էլ հեռացնելու նրան: « Orange ընտանիք նոր առաջարկը պահանջված կլինի հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ ընտաիքների եկամուտները ցածր են, իսկ ընտանեկան կապերը շատ ամուր»,-հավելել է նա: