Ինֆորմացիոն տեխնոլոգիաների (ԻՏ) ոլորտում Հայաստանի եւ Ճապոնիայի մասնավոր սեկտորների միջեւ կա համագործակցության իրական հնարավորություն եւ հեռանկար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ճապոնիայի գործերով խորհրդատու Կաձուրո Իմային` ԻՏ բնագավառում հայկական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա վստահություն է հայտնել հայ մասնագետների եւ հայկական տեխնոլոգիաների բարձր մակարդակի վերաբերյալ, որոնք կարող են օգտակար լինել Ճապոնիայում ծրագրային ապահովման ոլորտում: Ընդ որում Կ. Իմային նշել է, որ նրա երկրում այդ ոլորտում այսօր գոյություն ունի բարձր որակավորման մասնագետների պահանջ: Մեզ մոտ արդեն կան համագործակցության որոշակի արդյունքներ, ասել է խորհրդատուն, մասնավորապես, նշելով, որ մի շարք հայ մասնագետներ աշխատում են ճապոնական ձեռնարկություններում: