Միայն Թուրքիան կարող է որոշել` մտցնել զորքերը Իրաք, թե ոչ` լինի դա մարդասիրական նկատառումներով, թե ահաբեկչական գործողությունները կանխելու համար: Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը` Հյուսիսային Իրաք թուրքական զորք մտցնելու «անցանկալիության» մասին ԱՄՆ եւ Եվրամիության նախազգուշացումների կապակցությամբ` նկատի ունենալով իրաքյան քրդերի հետ հնարավոր ընդհարումները: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվությունների համաձայն, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, բանակցությունները թուրքական զորքերի Հյուսիսային Իրաք մուտք գործելու վերաբերյալ կշարունակվեն մոտակա օրերին: Նշենք, որ Իրաքի հյուսիսում, իրաքա-թուրքական սահմանի մոտ բնակվում են մի քանի հազար հայեր: Այդ պատճառով թուրքական զորքերի այդ տարածք մտցնելն անհանգստացնում է նաեւ Հայաստանին: ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը գտնում է, որ դա հղի է լրացուցիչ բարդություններով եւ լուրջ բացասական հետեւանքներով տարածաշրջանի համար: