«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ֆինանսավորել է «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ին, որը ՀՀ տարածքում հանքամետալուրգիական ոլորտի զարգացման համար ունի հատուկ նշանակություն: Ստացված ֆինանսավորումը ուղղվելու է հորատման համար նախատեսված նորագույն սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերմանը, ինչը թույլ կտա մեծացնել կատարվող աշխատանքների ծավալները և բարձրացնել որակը ցանկացած եղանակային պայմաններում:
«Վահան ԵՀԱ» ՍՊԸ հանդիսանում է «Սոթք ԵՀԱ» ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմնադրվել է 1956թ. և մինչ այսօր զբաղվում է հորատման և հետազոտական աշխատանքներով: Կես դարյա փորձը և ներկայիս նորամուծությունները թույլ են տալիս իրականացնել հորատման աշխատանքներ ամենադժվար երկրաբանական պայմաններում: «Վահան ԵՀԱ» ՍՊԸ հաճախորդներից են հանդիսանում մետալուրգիական արտադրության գրեթե բոլոր խոշոր ընկերությունները, այդ թվում «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ, «Սամագար» ՓԲԸ;
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևն ասել է. «Մենք կարևորում ենք Հայաստանում միջին բիզնեսի զարգացումը, հատկապես երկրի համար եզակի և ռազմավարական կարևորության մասնագիտացված ճյուղերը:
Առանց հարակից ոլորտների զարգացման անհնար է համաշխարհային շուկայի մետալուրգիական ոլորտում ապահովել մրցակցություն հայկական արտադրողների համար»:
«Վահան ԵՀԱ» ՍՊԸ տնօրեն Վարուժան Ավետիսյանը նշել է. «Մենք ուրախ ենք, որ սկսել ենք համագործակցել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հետ և վստահ եմ, որ այս գործարքը հանդիսանում է փոխշահավետ համագործակցության սկիզբը»:






