Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը պատասխան հայց է ներկայացրել Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու դեմ, որը նրան մեղադրանք էր ներկայացրել բռնաբարության մեջ:
1 մլն դոլարի հայցում ասվում է, որ Նաֆիսատու Դիալոյի բռնաբարության վերաբերյալ մեղադրանքների պատճառով նա զրկվեց ոչ միայն ԱՄՀ տնօրենի պաշտոնից, այլ նաև Ֆրանսիայի նախագահը դառնալու հնարավորությունից:
Հայցում նաև նշվում է, որ մեղադրանքները մեծ ցավ ու տառապանք են պատճառել Սթրոս-Կանին:
Դիալոյի փաստաբանները պատասխան հայցը փիար-քայլ են համարել:
Մեղադրանքները Սթրոս-Կանից հանվեցին, երբ սպասուհու ցուցմունքների վերաբերյալ կասկածներ առաջացան, սակայն այդ ժամանակ Սթրոս Կանն արդեն ստիպված էր եղել լքել իր պաշտոնը, հայտնում է Ամերիկայի ձայնը:






