AM
17 Մայիս 2012 - 10:02 AMT

Հրայր Թովմասյան Նոր վարչապետի ու նախարարների անունները հայտնի կդառնան արդեն հունիսի սկզբին

Հունիսի առաջին տասնօրյակում, ավելի շուտ, քան նախատեսված է օրենսդրությամբ սահմանված 50-օրյա ժամկետի շրջանակում, արդեն կնշանակվի նոր վարչապետն ու կձևավորվի կառավարությունը, վստահ է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այս մասին նա հայտնել է կառավարության մայիսի 17-ի նիստից հետո:

Նա հիշեցրել է վարչապետի նշանակման ու նոր կառավարության ձևավորման կարգը: Ըստ նախարարի, գործող կառավարության պաշտոնաթողությունից հետո, առաջին նիստում վարչապետն ու նախարարները զրկվում են իրենց պաշտոններից և հանդիսանում են պաշտոնակատարներ, որից հետո 10-օրյա ժամկետում՝ մինչ հունիսի 10-ը ՀՀ նախագահը խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումներից հետո նշանակում է վարչապետին: 20 օրվա ընթացքում վարչապետի հետ համատեղ նախագահը նշանակում է նախարարներին, և դրանից ևս 20 օր անց կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրն ԱԺ-ում, ողջ գործընթացը տևում է 50 օր: