Հայաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) երեկ երեկոյան մերժել է նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հայցը` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդացել է դատարանի որոշումը, ըստ որի` հայցվորի կողմից ներկայացված փաստերը բավականին հիմնավորված չեն ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, դատարանը որոշել է, որ դիմողի կողմից ներկայացված նյութերը չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Միեւնույն ժամանակ, Գ. Հարությունյանը նշել է, որ ՀՀ ԿԸՀ չունենալով անճշտությունների չափի մասին տվյալներ` իրավական հիմքեր չուներ փետրվարի 20-ին որոշում կայացնել երկրոդ փուլի անցկացման մասին: Գ. Հարությունյանը հայտարարել է նաեւ, որ մի շարք խախտումների պատճառը Հայաստանի oրենսդրության անկատարությունն է: ՀՀ ՍԴ ղեկավարը նշել է, որ Հայաստանում չկա անհրաժեշտ իրավական հիմք Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու եւ արդարացի սահմանադրական որոշում ընդունելու համար: Գ. Հարությունյանը եզրափակել է, որ դատարանի տվյալ որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ: Դատարանում Ա. Գեղամյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Հովհաննիսյանը չի բացառել, որ հայցվորը ՍԴ-ի որոշման հետ ծանոթանալուց հետո կդիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: