AM
21 Մայիս 2012 - 09:31 AMT

2012թ. ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 118 497 դրամ

Հայաստանում 2012 թվականի ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 5,1 տոկոսով` կազմելով 118 497 դրամ: Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. ապրիլին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 4,3 տոկոսով` կազմելով 93 555 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 0,9 տոկոս:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 5,5 տոկոս` հասնելով 148 256 դրամի: Ընդ որում 2012թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 1,3 տոկոս աճ: Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլին 2011թ. նույն հատվածի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 5,6 տոկս՝ հասնելով 142 700 դրամի: