Մայիսի 21-ին ՀՀ Կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ Brain-Ring եզրափակիչ խաղերի արդյունքում պարգևատրել է հաղթողներին: Առաջին հորիզոնականն է զբաղեցրել Շիրակի դպրոցականների թիմը, երկրորդը` Արարատի, երրորդը` Տավուշի: Հաղթողները ստացել են դրամական և խրախուսական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն ստացել իրենց ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան տներում:
Brain-Ring տնտեսական խաղ-մրցույթը կազմակերպվել է երկրի բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ՀՀ ԿԲ ծրագրի շրջանակներում:
2012թ ՀՀ մարզերում անցկացվել է նախնական մրցույթ, որին մասնակցել է «Տնտեսագիտություն» բաժնի «Հասարակագիտություն» ուսումնասիրած շուրջ 250 տասներորդ դասարանցի աշակերտներ` 50 դպրոցներից: Արդյունքում ձևավորվել են 11 հավաքական թիմեր բոլոր մարզերից և Երևանից: Այսօր Brain-Ring-ի մասնակիցները խաղարկել են կիսաեզրափակիչն ու եզրափակիչը:
Մրցույթի պատվավոր ժյուրիի կազմում էին ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ գործադիր տնօրեն Արմին Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Անահիտ Բախշյանը, «Coca Cola Hellenic Bottling Company Armenia» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի մասնագետ Հայկանուշ Բագրատունյանը:
Ինչպես ընդգծել է ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և շուկայական վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչայնն ընդգծել է, որ սկսած 2007-ից ՀՀ ԿԲ, ելնելով ֆինանսական համակարգի կայունության ապահովման անհրաժեշտությունից, իր խնդիրների շարքում առանձնացրել է ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Նա նշել է, որ կարևոր է ֆինանասական գրագիտության հարցերով զբաղվել դպրոցական տարիներից: Նա ընդգծել է, որ այսօրվա միջոցառումն ուղղված է հենց դրան և դպրոցականների` ֆինանասական ոլորտում հետագա մասնագիտական կողմնորոշմանը:






