AM
21 Մայիս 2012 - 15:22 AMT

NASDAQ OMX Արմենիան խթանում է ուսանողների շրջանում ներդրողական հմտությունների զարգացումը

Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները իրենց նախաձեռնությամբ կազմակերպել և խաղացել էին «Ֆոնդային բորսա» ինտելեկտուալ խաղը, որին մեթոդաբանական և կազմակերպչական աջակցություն էր ցուցաբերել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն:

Խաղի ժամանակ ուսանողները բաժանվել էին թիմերի՝ բրոքերային ընկերությունների, ընտրել էին իրենց ներդրումային քաղաքականությունը և 4 օրվա ընթացքում պայմանական արժեթղթերով առևտուր էին կազմակերպել: Խաղի յուրաքանչյուր օրվա ընթացքում բորսայական առևտրի տարբեր մեխանիզմներ էին կիրառվել՝ երկկողմանի անընդհատ առևտուր, հոլանդական և անգլիական աճուրդներ:

Հաղթող թիմը հայտարարվել էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ:

«Այսպիսի ուսանողական նախաձեռնությունները ողջունելի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից, և մենք միշտ պատրաստ ենք աջակցել, քանի որ երիտասարդությունն է այս շուկայի ապագան», – ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տնօրեն՝ Կոնստանտին Սարոյանը՝ հանձնելով պատվոգրերը և մրցանակները խաղի հաղթողներին: