AM
22 Մայիս 2012 - 10:32 AMT

«Նաիրիտը» կկառավարեն անգլիացինե՞րը

Նախօրեին Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի չափիչ-ստուգող սարքավորումների և ավոտմատիկայի արտադրամասի աշխատակիցներին կանչել էին գործարան՝ մաքրելու և կարգի բերելու արտադրամասը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին, աշխատակիցներին ասել են, որ հինգշաբթի գործարան կայցելեն անգլիական ընկերության ներկայացուցիչները, որոնք գործարանը զննելուց հետո որոշում կկայացնեն կառավարման մասին:

Գործարանի մամլու ծառայությունում հրաժարվել են տեղեկություններ տրամադրել «սպասվող հյուրերի» մասին:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է, արդեն առաջիկա ամիսներին ընտրությունը կկատարվի ու գործարանը կվերսկսի աշխատանքը:

Դեռևս անցյալ տարի կառավարությունը մշակել էր «Նաիրիտի» 2011-19թթ. զարգացման ու վերակառուցման ծրագիրը», որը նախատեսում է ներդնել գործարանում 512 մլն դոլար, որից 366 մլն դոլարը պետք է ուղղվի գործարանի արդիականացմանը, իսկ մյուս 146 մլն դոլարը՝ պարտքերի մարմանը:

Շուտով 2 տարի կլինի, ինչ «Նաիրիտը» չի գործում, շուրջ 3 հազար աշխատակից ամիսներով աշխատավարձ չի ստացել ու ժամանակ առ ժամանակ կազմակերպում է բողոքի ակցիաներ: