AM
24 Մայիս 2012 - 05:25 AMT

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը դարձյալ քննարկել են իշխող կոալիցիայի հարցը

«Ժողովուրդը» գրում է, որ երեկ գիշեր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դարձյալ քննարկել են իշխող կոալիցիայի հարցը, թե ում քանի նախարարական, մարզպետական պորտֆել է հասնում և Աժ-ում ինչքան հանձնաժողովների տեղեր, ու դարձյալ համաձայնության չեն եկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը մասնակցել է նաև Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: «Տեսնելով, որ Սերժ Սարգսյանն անդրդվելի է ՀՀ վարչապետի հարցում և բացի Տիգրան Սարգսյանից, որևէ մեկին տեսնել չի ուզում, Ծառուկյանն առաջարկել է Հովիկ Աբրահամյանին նշանակել գոնե Աժ նախագահի պաշտոնում: Մեր տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը դեռ վերջնական դրական պատասխան չի տվել`փոխարենը պայման է դրել Հովիկ Աբրահամյանի առջև. նա պիտի ԲՀԿ-ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա վերցնի, որպեսզի ճակատագրական պահերին ԲՀԿ-ն անկանխատեսելի բաներ չանի: Իսկ բուն հուշագրի կամ համաձայնագրի տեքստի մասով էլի քննարկելու բաներ են մնացել: ԲՀԿ-ն ձգտում է, որ մինչև մայիսի 31-ը որևէ բան չհայտարարվի, և Աժ առաջին նիստը կայանա առանց կոալիցիոն համաձայնագրի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը չի համաձայնում: Ավելին, երեկվա գիշերային հանդիպման ժամանակ հպանցիկ քննարկվել է նաև ԲՀԿ ցուցակում հայտնված Հմայակ Հովհաննիսյանի, Վահե Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի հարցը: Սարգսյանն ասել է, որ նրանք իր համար անցանկալի թեկնածուներ են»,- գրում է թերթը: