AM
26 Մայիս 2012 - 06:48 AMT

«168 ժամ». Գագիկ Ծառուկյանը «Vertu»-ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանից ինքնաբացարկի դիմում ստացել

«168 ժամը» «Vertu»-ո՞վ» վերնագրված նյութում գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը: «Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանն է պահանջել, որ Հ. Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ չստանա: Մեր աղբյուրների համաձայն, Հ. Հովհաննիսյանը նախ չի համաձայնել մանդատը վայր դնել և դրա համար երկար բացատրություններ է տվել: Ըստ նույն աղբյուրների, Գագիկ Ծառուկյանին ինչ-որ պահից բարկացրել են այդ բացատրությունները, ու նա ատրճանակն ուղղել է Հովհաննիսյանի դեմքին: Դրանից հետո է միայն Հ. Հովհաննիսյանը գրել ինքնաբացարկի դիմումը: Նշենք, որ Հ. Հովհաննիսյնաը երեկ մեր թերթի թղթակցի հետ զրույցում չի փորձել հերքել այս տեղեկությունը: Ընդամենն ասել է, թե ինքը հայտարարություն է տարածել և ավելացնելու բան չունի: «Մեկն էլ ինձ հարցնում է, թե Ս. Սարգսյանն է ստիպել, որ ինքնաբացարկ ներկայացնեմ: Ես ասեկոսեները չեմ մեկնաբանում»,- ասել է նա»,- գրում է պարբերականը: