«168 ժամը» գրում է, որ Հայաստանի խոշորագույն հարկատու հանդիսացող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկվա դրությամբ չէր հրապարակել նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: «Մինչդեռ այդ ընկերությանը կառավարության տրամադրած լիցենզիայի պայմանների համաձայն, «ՀայՌուսգազարդը» պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը, մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում նախատեսված են տույժեր նախազգուշացումից մինչև լիցենզիայից զրկում: Ընկերության մամուլի ծառայությունից երեկ մեր թղթակցին ասել են, թե չգիտեն` երբ կհրապարակվի հաշվետվությունը: Հաշվի առնելով այն տեղեկությունները, որ շրջանառվում են «ՀայՌուսգազարդի» ապագայի վերաբերյալ, հաշվետվության հրապարակումը հազիվ թե պայմանավորված է տեխնիկական անփութությամբ: Բանն այն է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ` այս ընկերությունն աշխատում է հսկայական վնասներով, ինչի պատճառով, ըստ հավաստի տեղեկությունների, «Գազպրոմը» քննարկում է «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը գնելու հարցը: Եթե դա իրականություն դառնա, ապա «ՀայՌուսգազարդի» կառավարումը ևս կանցնի ռուսներին»,- գրում է թերթը:






