Եթե ԱՄՆ-ի վերահսկողության տակ անցնեն Իրաքի նավթային պաշարները, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը կկորցնի իր տնտեսական նշանակությունը եւ կարող է հետաձգվել: Այսպիսի կարծիք է հայտնել, ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, նավթային այլ աղբյուրների արժեքն ԱՄՆ եւ Արեւմուտքի համար կբարձրանա այն դեպքում, եթե Իրաքը կատարի նավթահորերը պայթեցնելու սպառնալիքը, ինչը կասկածելի է: Զատուլինը նաեւ կանխատեսել է, որ «առաջին անգամ նավթի համաշխարհային շուկան կդադարի շուկա լինելուց, այլ կդառնա կարգավորելի` ըստ գնային մակարդակի»: Դա, ինչպես ենթադրում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը, վնաս կհասցնի Ռուսաստանին, Ադրբեջանին եւ նավթ արտադրող բոլոր այլ երկրներին: